Թեմա ԵՎ հիմնական ասելիք
Ֆիլմի կենտրոնում Չարենցի կյանքի վերջին օրերի առեղծվածն է և այն
մարդկանց բացահայտումը, որոնք մարեցին Չարենցի հանճարի «արևը»։
Միաժամանակ ֆիլմը հարց է բարձրացնում պատմական մեղքի, լռության և
պատասխանատվության մասին․ կարո՞ղ է թաքցված ճշմարտությունն անհետանալ,
թե՞ այն շարունակում է ապրել հաջորդ սերունդների հիշողության, վախերի և
ընտանեկան ճակատագրերի մեջ։
Տեսողական ոճ ԵՎ գեղագիտություն
Լույսի ԵՎ ստվերի խաղ
Քանի որ վերնագրում առանցքային է «արևը», կադրային լեզուն պետք է
կառուցվի կուրացնող, երբեմն գերէքսպոնացված լույսի և խորը, «կեղտոտ»
ստվերների հակադրության վրա։ Այս մոտեցումը հնարավորություն կտա
կինեմատոգրաֆիկորեն ընդգծելու հոգեբանական թրիլլերի լարվածությունը,
սիրո պատմության զգայականությունը և անցյալի դաժանությունների
մթնոլորտը։
Լույսը պետք է ներկայանա ոչ միայն որպես բնական երևույթ, այլև որպես
ճշմարտության, սիրո, պոեզիայի և Չարենցի ստեղծագործական ուժի
խորհրդանիշ։ Ստվերը, հակառակը, պետք է կրի բռնության, լռեցված
պատմության, մեղքի և հետապնդող հիշողության զգացողությունը։
Կերպարներ ԵՎ դերասանական խաղի տոնայնություն
Հիմնական դերասանական կազմը մեծ չէ, սակայն յուրաքանչյուր կերպար ունի
հարուստ և բազմաշերտ ներաշխարհ։ Այդ շերտերը բացահայտելու համար
դերասանական խաղը պետք է լինի նատուրալիստական ու զուսպ, բայց ներքին
մեծ էներգիայով՝ ստեղծելով չարտաբերված ներքին մենախոսության
զգացողություն։
Ֆիզիկական արտահայտչականություն
Կերպարների հոգեբանական վիճակը պետք է փոխանցվի նաև մարմնական
մանրամասների միջոցով՝ հոգնած դեմք, դողացող ձեռքեր, կաշկանդված
շարժումներ, սուր կամ խուսափող հայացք։ Այդ մանրամասները պետք է
ընդգծեն նրանց տագնապը, հյուծվածությունը, վախը, մեղավորության
զգացումը և զսպված հույզերը։
Բեմանկարչություն ԵՎ նկարահանման վայրեր
Գլխավոր հերոսի բեմադրած ներկայացումը, բեմի ձևավորումը, պարախմբի
զգեստները, նկարահանման վայրերը և անցյալ ժամանակաշրջանի ամբողջ
գեղագիտական ու գեղարվեստական ներկապնակը պետք է ենթարկվեն ֆիլմի
միասնական դրամատուրգիական լուծմանը։
Բեմանկարչական գեղագիտությունը պետք է կրի Չարենցի վաղ շրջանի
պոեզիային բնորոշ նրբաճաշակությունը, հակադրություններն ու
խորհրդանշական պատկերայնությունը։ Բալետային բեմը, Երևանն ու Փարիզը,
պատմական և ժամանակակից միջավայրերը չպետք է գործեն որպես առանձին
դեկորներ․ դրանք պետք է կազմեն մեկ ամբողջական տեսողական աշխարհ,
որտեղ իրականությունը շարունակաբար փոխակերպվում է հիշողության,
երազի և բեմական պատկերի։
Ձայնային ձևավորում ԵՎ երաժշտություն
Ֆիլմում նախատեսվում է օգտագործել հատվածներ Ավետ Տերտերյանի Երրորդ և
Յոթերորդ սիմֆոնիաներից։ Դրանք պետք է հատուկ ֆիլմի համար ձայնագրվեն
պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիայում՝ ապահովելով անհրաժեշտ
տարածականությունը, հնչերանգային խորությունն ու դրամատուրգիական ուժը։
Ֆիլմի ռապսոդիկ ռիթմը
Երաժշտական և ձայնային կառուցվածքը պետք է հետևի ռապսոդիայի
տրամաբանությանը՝ սկսվելով վեհ ու դինամիկ և աստիճանաբար անցնելով
հոգեբանորեն ճնշող լարվածության։ Ձայնը պետք է գործի ոչ միայն որպես
ուղեկցություն, այլ նաև որպես հիշողության, վտանգի և անտեսանելի
ներկայության շերտ։
Պոեզիայի հնչյունավորում
Չարենցի տողերը չպետք է լինեն պարզապես կադրից դուրս ընթերցվող տեքստ։
Դրանք պետք է հնչեն որպես «ձայնային հիշողություն», որը հերոսին
հետապնդում և ուղեկցում է նրա որոնումների ամբողջ ընթացքում՝ երբեմն
միաձուլվելով երաժշտությանը, միջավայրի աղմուկներին և մղձավանջային
տեսիլքներին։
Տեմպ ԵՎ մոնտաժ
«Արևի ասպետը» ֆիլմի մոնտաժային ռիթմը պետք է կառուցվի Չարենցի
«Ասպետական» ռապսոդիայի ներքին դինամիկայի և հոգեբանական թրիլլերի
լարվածության համադրությամբ։ Քանի որ ռապսոդիան՝ որպես երաժշտական և
գրական ձև, զերծ է խիստ կաղապարներից և լի է անսպասելի անցումներով,
մոնտաժը նույնպես պետք է լինի զգացմունքային ու հոսուն, բայց
միաժամանակ՝ տագնապ ներշնչող։
Հաշվի առնելով զուգահեռ զարգացող պատմությունները՝ մոնտաժը պետք է
միավորի տարբեր ժամանակաշրջանները, ներկան, Ժակի մղձավանջային
երազները, Չարենցի վերջին օրերը և «Ասպետականի» բեմադրությունը։
Անցումները պետք է ոչ թե մասնատեն պատմությունը, այլ աստիճանաբար
բացահայտեն այդ շերտերի ներքին կապը՝ ֆիլմը դարձնելով ամբողջական և
սերտորեն միահյուսված ստեղծագործություն։